ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Թող աշխարհի մաքրումը սկսեն իրենցից»

«Թող աշխարհի մաքրումը սկսեն իրենցից»
25.05.2012 | 23:53

Սեյսմիկ ակտիվությունը մեր տարածաշրջանում աճել է: Այս մասին վկայում են մասնագետները: Հասարակության շրջանում գնալով ավելի տագնապահունչ են դառնում խոսակցությունները կրկնվող երկրաշարժերի մասին:
Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի նախագահ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ հաճախակի երկրաշարժերը կարող են նշանակել ինչպես տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվացում, այնպես էլ մարում: «Վերջերս Ադրբեջանում երկրաշարժ եղավ, դրանից հետո հայտարարեցին, թե վերջին շաբաթվա ընթացքում տարածաշրջանում 32 երկրաշարժ է գրանցվել,- ասաց նա:- Մոտեցումը պետք է լինի ավելի հստակ: Նախ, երկրաշարժը եղել է ոչ թե Հայաստանի տարածքում, այլ տարածաշրջանում: Գրանցված 32 երկրաշարժերի մեծ մասը եղել է Ադրբեջանի հիմնական երկրաշարժի հետցնցում, ինչը նշանակում է այդ շրջանում սեյսմիկ գործընթացի մարում: Ինչպես Վանի դեպքում, հարյուրավոր հետցնցումներ են եղել ու հիմա էլ շարունակվում են, ուղղակի ավելի թույլ: Դա նորմալ երևույթ Է»:
Քանի դեռ կանխատեսման հարցը (ոչ միայն մեզ մոտ, ընդհանրապես աշխարհում) լուծված չէ, երկրաֆիզիկոսը խորհուրդ է տալիս, անկախ այն բանից, թե ինչ են ասում, չվախենալ ու խուճապի չմատնվել: «Մարդիկ պետք է հասկանան, որ երկրաշարժեր այստեղ միշտ եղել են ու լինելու են, ոչ մի բան չի փոխվել, ուղղակի պետք է սովորել ապրել այդ երկրաշարժերի հետ, ինչպես Ճապոնիայում, ուր օրը երկու-երեք բավականին ուժեղ երկրաշարժ է լինում,- ասաց նա:- Բացի այդ, պետք է փոխել մոտեցումները: Սովորաբար մեր մոտեցումները փոխվում են յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժից հետո, մինչ այդ բոլորը մոռանում են, որ ուժեղ երկրաշարժ հնարավոր է»:
Ավետիս Առաքելյանը նշեց, որ ձևավորվել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ», ինչը, նրա գնահատմամբ, պետական ճիշտ մոտեցում է. բոլոր հիմնարկները, գիտնականները, ովքեր զբաղվում են մարդկանց անվտանգության հարցերով, ազգային պլատֆորմի շրջանակում պետք է համատեղ աշխատեն:
Հին ժամանակներում բնական աղետները կապել են աստվածների, բնության զայրույթի հետ, այսօր էլ շատերը համոզված են, որ նման երևույթները մարդկանց չարության հետևանք են:
Ավետիս Առաքելյանն անդրադարձավ նաև մեր այս դիտարկմանը: «Անկեղծ ասած, ես գիտականորեն եմ մոտենում այդ տեսակետին,- ասաց նա:- Դա բնության, մեր տարածաշրջանի երկրաբանական նորմալ զարգացման հիմքն է: Ով հավատացյալ է և համարում է, որ Աստված մեր չարության համար է մեզ պատժում, թող առաջինը բարիանա, աշխարհի մաքրումը սկսի ինքն իրենից»:
Նշենք, որ 2010-ից առայսօր Հայաստանում և հարակից տարածքներում գրանցվել է 1499 երկրաշարժ, որոնցից ամենաուժեղը Վանի երկրաշարժն էր: Հիշատակված թվում ընդգրկված չեն հետցնցումները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ